Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները սպառնալիք են Ռուսաստանի ազգային անվտանգությանը, կարծում է Ռուսաստանի ռազմական ծրագրավորման անկախ կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:
Մասնավորապես, նրա կարծիքով, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում իրավիճակը շարունակում է փակուղային մնալ»: «Հակամարտող կողմերը նախկինի պես մնում են հակադիր դիրքորոշումների: Տարաձայնությունները մնում են նաեւ արտաքին խաղացողների միջեւ: Հայկական կողմը համաձայն է զորքերը դուրս բերել անվտանգության գոտու որոշ շրջաններից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվեի դիմաց, այսինքն փաստացի անկախության դիմաց»,- ասել է նա Polit.Ru-ում հրապարակված հոդվածում:
Փորձագետը կարծում է, որ հիմնական խաղացողների՝ Բրյուսելի, Վաշինգթոնի եւ Մոսկվայի շահերն ընդհանրապես չեն համընկնում: «Այո, կողմերը համամիտ են, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով, բայց կան նաեւ տարաձայնություններ: Մոսկվան ստատուս-քվոյի կողմնակիցն է, եւ համաձայն է դրա փոփոխությանը, եթե խաղաղարար առաքելության մեջ լինեն ռուս խաղաղարարներ, իսկ Բրյուսելն ու Վաշինգթոնը ցանկանում են առաքելության մեջ ընդգրկել ԵԱՀԿ խաղաղարարների»:





























