Հայաստանի տարածքում բնակվող կամ գտնվող Ռուսաստանի քաղաքացիները մարտի 18-ին քվեարկում են երկու ընտրական տեղամասերում: Դրանք բացվել են Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքում եւ Գյումրիում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսությունում:
Ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, N8026 ընտրական տեղամասում, որը տեղակայված է Երեւանում Ռուսաստանի դեսպանատան շենքում, տեղական ժամանակով 10:00-ի դրությամբ քվեարկել է 370 ընտրող:
Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընտրական տեղամաս ներկայանալ՝ ունենալով անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակը (Ռուսաստանի Դաշնության քաղաքացու արտասահմանյան, ներքին կամ ծառայողական անձնագիր):
Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայող Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զինծառայողները եւ սահմանապահները քվեարկում են փակ ընտրական տեղամասերում:
Երեւանում եւ Գյումրիում ընտրական տեղամասերը բաց կլինեն մինչեւ տեղական ժամանակով 20.00 (Մոսկվայի ժամանակով մինչեւ 19.00): Տեղամասերի փակվելուց հետո կսկսվի արդյունքների ամփոփումը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու: Երկիրը 18 տարուց ավելի ղեկավարած Վլադիմիր Պուտինն առաջադրվում է նոր 6-ամյա ժամկետով: Նրա հիմնական մրցակիցն է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ ռուսական քաղաքական դաշտի հնաբնակ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, երկրի տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովը, Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը եւ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը:




























