Մարտի 18-ին, ժամը 1.22-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում ինքն իրեն ծեծողին դանակով խփել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 1.30-ին «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 37-ամյա Ալեքսանդր Պ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.45-ի սահմաններում, Ալեքսանդր Պ.-ն, 35-ամյա Արման Բ.-ն եւ վերջինիս 15-ամյա որդի Կ. Ո.-ն Երեւանյան փողոցի թիվ 14 հասցեի մոտ ծեծի են ենթարկել 31-ամյա Էդգար Մ.-ին, այնուհետեւ նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, նշված հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում շարունակել են ծեծել նրան, ինչից հետո, ժամը 1.10-ի սահմաններում, Ալեքսանդր Պ.-ն, Արման Բ.-ն եւ Կ. Ո.-ն ավտոմեքենայով Էդգար Մ.-ին տարել են Լենինի փողոցի տներից մեկը, որտեղ շարունակել են ծեծը: Ալեքսանդր Պ.-ն հայհոյանքներ է հնչեցրել Էդգար Մ.-ի եւ նրա մոր հասցեին: Էդգար Մ.-ն, խոհանոցից վերցնելով խոհանոցային դանակը, մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ալեքսանդր Պ.-ի կրծքավանդակին, մեկ անգամ հարվածել Կ.Ո.-ի պարանոցին՝ նրանց պատճառելով վնասվածքներ:

Ալեքսանդր Պ.-ն եւ Էդգար Մ.-ն բերման են ենթարկվել:

Էդգար Մ.-ն ձերբակալվել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: