ԱՄՆ դատախազները Թուրքիայի անվտանգության 11 աշխատակիցների դեմ ներկայացված մեղադրանքները, որոնք մեղադրվում էին մայիսի վերջին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակման մեջ, հանել են, հաղորդում է UPI-ն:

Ցուցարարները բողոքում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգթոն այցի դեմ, երբ նրանց վրա հարձակվեցին եւ ծեծի ենթարկեցին Թուրքիայի անվտանգության ուժերը, ներառյալ Էրդողանի թիկնապահները: Միջադեպի հետեւանքով 9 հոգի հիվանդանոցում հայտնվեց: Սպիտակ տան եւ ոստիկանության ներկայացուցիչները միջադեպը անվանել էին դաժան հարձակում խաղաղ ցուցարարների վրա:

Անցյալ տարվա նոյեմբերին դատախազները դատավորին խնդրել էին չեղյալ համարել 4 անձի դեմ մեղադրանքները:

Այս տարվա փետրվարի 14-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա այցից մեկ օր առաջ,  Էրդողանի անվտանգության եւս 7 աշխատակիցների մեղադրանքներն արդեն հանվել էին:

ԱՄՆ պաշտոնյաները հավաստիացրել են, որ մեղադրանքները հանվել են ոչ թե քաղաքական պատճառներով, այլ այն պատճառով, որ քննիչները որոշ կասկածյալների սխալ են  նույնականացրել, եւ չեն կարողացել հավաքել բավարար ապացույցներ:

Միջադեպի կապակցությամբ դեռ մեղադրանքներ են ներկայացված  Թուրքիայի անվտանգության ծառայության չորս աշխատակիցներին եւ Կանադայի երկու քաղաքացիներին: ԱՄՆ-ի երկու քաղաքացիները իրենց մեղավոր են ճանաչել եւ սպասում են դատավճռի հրապարակման: