«Շշուկները, թե ինձ շուտով առաջարկելու են Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը, անհեթեթություն են»,- այդ մասին այսօր, հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով, այդ պնդման մեջ ճշմարտության մի կաթիլ անգամ չկա:
«Դա հայ իրականության ամենաբացասական երեւույթներից է, խոսել եւ տարածել անհեթեթություններ: Ես մեկ անգամ չէ, որ հերքել եմ, բայց ինձ կրկին նույն հարցն են տալիս»,- դժգոհությամբ նշել է Բաղդասարյանը:
Լրագրողների դիտարկումը, թե նրա ղեկավարած կուսակցությունը չունի բավարար կադրեր, ուստի «Օրինաց երկրի» քվոտայով նշանակվող նախարարները վերջին պահին են անդամագրվում կուսակցությանը, նույնպես զայրացրել է Բաղդասարյանին: «Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանի քաղաքական կյանքի էպիկենտրոնում է եւ երկրի քաղաքական դաշտի կարեւորագույն խաղացողներից է: 2010թ. մեզ անդամակցել են 7400 նոր անդամներ, եւ մենք հպարտ ենք, որ մեզ միանում են կյանքում կայացած անձինք»,- ասել նա: Նա հայտարարել է, թե գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գերասիմ Ալավերդյանին փոխարինած Սերգո Կարապետյանը կառավարման գործի գիտակ է, ինչը հրաշալի կերպով ապացուցվել է նրա գլխավորած «ArtFood» ընկերության օրինակով:





























