Կառավարության այսօրվա՝ մարտի 29-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմներին:

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատների անճշտություններ եւ անհամապատասխանություններ: Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաեւ՝ ընդերքօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,- նշեց վարչապետը:

Հաշվի առնելով դա, նա հանձնարարեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին եւ Կառավարության աշխատակազմի  ղեկավարին յոթնօրյա ժամկետում մշակել եւ ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Բացի այդ, ՀՀ վարչապետը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի  ղեկավարին հանձնարարեց առաջին կետով նախատեսված միջգերատեսչական  աշխատանքային խումբը ձեւավորվելու պես երեքամսյա ժամկետում վերհանել ընդերքօգտագործող կազմակերպություններին, հատկապես՝ մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի եւ հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները եւ ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: