ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում:

«Նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել վարձու աշխատող միջին խավի ավելի լայն հատվածի համար, ինչպես նաեւ մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հիփոթեքային վարկ վերցնելիս, անձի եկամտային հարկն ուղղվում է տոկոսների մարմանը, սակայն այդ կարգը գործում է միայն նորակառույց բնակարան գնելու դեպքում՝:

Վերջերս օրենքում հիփոթեքային վարկ ստանալու համար եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ օրենսդրության մեջ սահմանափակումներ են դրվել:

Ըստ այդմ, նախ, բնակարան ձեռք բերելու առավելագույն գին է սահմանվում 55 մլն դրամը, այսինքն դրանից բարձր գին ունեցող անշարժ գույքի վրա այս օրենսդրությունը չի տարածվում:

Երկրորդ սահմանափակվել է եկամտային հարկի վերադարձի չափը: Որպես սահման է ընդունվել եռամսյակի կտրվածքով 1,5 մլն դրամը: Այսինքն վերադարձվող եկատմային հարկը ամսական կարող է լինել ամսական 500 հազար դրամից ոչ ավելի՝ անկախ նրանից, թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները: Դա համարժեք է վարկառու անձի կամ անձանց համար ամսական 1,6-1,7 մլն դրամի եկամտին: Այսինքն եթե ամուսիններից յուրաքանչյուրն ստանում է 800-900 հազար դրամ աշխատավարձ, դրանից բարձրի դեպքում նոր այդ սահմանափակումը կգործի:

Երրորդ սահմանափակումն այն է, որ հունվարի 1-ին հետո եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը միայն մեկ անգամ է տրվում, անկախ նրանից՝ անձը հանդես է գալիս վարկառու թե համավարկառու: Այսինքն եթե անձը իր եղբոր կամ մեկ ուրիշի համար հանդես է եկել որպես համավարկառու, այլեւս չի կարող իր համար հանդես գալ վարկառու: