Հայաստանի կառավարությունը մարտի 29-ին կայացած նիստին հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին: Նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը:

Փոխնախարարը հայտնել է, որ, օրինագծի համաձայն, վարկային պարտքերի դիմաց քարտերից դրամական միջոցների բռնագրավումը չի կարող տարածվել պայմանագրային ծառայություն անցնող շարքային զինծառայողների կամ կրտսեր սպայական կազմի, ոստիկանական եւ ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողների դրամական ապահովման, ինչպես նաեւ աշտպանության նախարարության կողմից նշված պայմաններում եւ վայրերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների պատվավոր պարգեւատրումների վրա:

«2017 թվականի դեկտեմբերից վերը նշված զինծառայողների դրամական վճարումները եւ պատվավոր պարգեւատրումներն իրականացվում են անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերի միջոցով»,- պարզաբանել է փոխնախարարը: Դավթյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բռնագրավումների գերակշիռ մասը երաշխիքներն են կազմում, որոնք զինծառայողները ներկայացրել են վարկային պարտավորությունների շրջանակներում:

Պարզվել է, որ որոշ զինծառայողներին դատական ակտերի հարկադիր կատարման համար կատարողական թերթեր են տրամադրվել, որոնց հիման վրա դրամական միջոցներ են բռնագրավվում, ինչը, հաշվի առնելով դրամական ապահովման չափը, անընդունելի է: Նաեւ պարզվել է, որ կատարողական թերթերը տրվել են վարկային պարտավորությունների շրջանակներում երաշխավորներ դարձած զինծառայողներին: