2011-ը լինելու է ճգնաժամից հետո կայուն զարգացման առաջին տարին։ Հունվարի 13-ի մամուլի ասուլիսում նման կանխատեսում արեց ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով, նման կանխատեսման հիմք է տալիս, օրինակ, «տնտեսական աճի բավականին լավ՝ 4,6 տոկոս աճը»։

«Սա այն պարագայում, երբ տնտեսության հիմնական շարժիչ ուժը 2011-ին մնալու է արդյունաբերությունը։ Ակնկալվում է, որ գյուղատնտեսությունը պետք է աճի շուրջ 10 տոկոսով։ Այս ոլորտում մենք բավական շատ անելիքներ ունենք եւ մեր հիմնական գործը պետք է լինի հողատարածքների առավել արդյունավետ օգտագործումը, մասնավորապես՝ կոոպերացիան։ Այս հարցում նախանձախնդիր է նաեւ Գյուղատնտեսության նորանշանակ նախարարը։ Աճ է ակնկալվում նաեւ շինարարության եւ ծառայությունների բնագավառներում։ Կշարունակվեն արդյունաբերության դիվերսիֆիկացման գործընթացները»,- ասաց Մինասյանը։

Ամփոփելով՝ պատգամավորը նկատեց, որ տնտեսության բարելավման համար ուշադրություն  է դարձվելու հատկապես կաշառակերության դեմ պայքարին եւ տնտեսական մրցունակության ապահովմանը։ «Վիճակը, երկու առումներով էլ, հեռու է կատարյալ լինելուց, եւ արվելու է ամեն բան, որպեսզի շուկայական գներն էլաստիկ դառնան եւ կոռուպցիայի կանխարգելման դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,-խոստացավ Մինասյանը։