ԱՄՆ իշխանությունները մտադիր են լրացուցիչ տեղեկություններ պահանջել ամերիկայն վիզայի համար դիմորդներից. անկետաները լրացնելիս կարող են խնդրել նշել էլեկտրոնային փոստի հասցեն կամ հետաքրքրվել սոցցանցերում էջերի մասին:
Այս դեռ չհաստատված նախաձեռնության մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Այս առաջարկի համաձայն՝ գրեթե բոլորից, ով դիմում է ԱՄՆ-ի վիզա ստանալու համար, կպահանջվի լրացուցիչ տեղեկություններ տրամադրել՝ ներառյալ սոցիալական ցանցերում նրանց պրոֆիլների անունները, հին անձնագրերի համարները, նրանց ընտանիքի անդամների մասին տվյալները, տեղեկություն նախկինում տեղ գտած ուղեւորությունների, աշխատանքի վայրերի մասին», - ասել է նա՝ հավելելով, որ այս ցուցակը նաեւ ավելի լայն կոնտակտային տեղեկություններ է պարունակում: Սա շատ ավելի մեծ ծավալ է, քան այն, որը անհրաժեշտ է գործող ձեւերի լրացման համար:




























