ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը պաշտոնապես դարձել է Պետդեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա այս պաշտոնը կզբաղեցնի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չի հաստատել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Մայքլ Պոմպեոյի թեկնածությունն այս պաշտնում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախկին պետքարտուղար Ռեքս Թիլորսոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազատվել էր այս պաշտոնից մարտի 13-ին։

«Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը փորձառու ղեկավար է, որը Սպիտակ տանը արժանացել է գործընկերների վստահությանն ու հարգանքին։ Այն բանից հետո, երբ նա այսօր սկսել է կատարել պետքարտուղարի պարտականությունները, Պետքարտուղարությունը հուսալի ձեռքերում կլինի, քանի դեռ Մայքլ Պոմպեոն անցնում է հաստատման գործընթացը»,-իր թվիթերյան էջում գրել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերտը։