Աֆղանստանի օդային ուժերի կողմից երկրի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքում մեդրեսի ուղղությամբ ավիահարվածների հետեւանքով առնվազն 60 խաղաղ բնակիչ է զոհվել, 50 մարդ վիրավորվել է, հաղորդում է Pazvak գործակալությունը՝ վկայակոչելով սենատոր Աբդուլլահ Քարլակի հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբների վերահսկողության տակ գտնվող Դալաս-էլ-Արչի թաղամասում մեդրեսի ռմբակոծման հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Ըստ զինված ուժերի տվյալների՝ հարվածի պահին դպրոցում մոտ 200 մարդ կար, որոնց թվում է8 նաեւ «Թալիբան»-ի մեկ բարձրաստիճան ներկայացուցիչ: ՄԱԿ-ի՝ Աֆղանստանին աջակցության առաքելությունը (UNAMA) հայտարարել է, որ ուսումնասիրում է խաղաղ բնակչության մահվան մասին հաղորդումները:

Քարլակի խոսքով՝ ավիահարվածի հետեւանքով ընդհանուր առմամբ 85 մարդ է զոհվել, որից 60-ը խաղաղ բնակիչներ են, 25-ը՝ «Թալիբան»-ի անդամներ: 50 մարդ վիրավորվել է:  Աֆղանստանի Սենատի նախագահ Ֆազալ Հադի Մուսլումյարը կառավարությանը կոչ է արել ձերբակալել նրանց, ով հրամայել էր հասցնել օդային հարվածները, եւ պատասխանատվության ենթարկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: