Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) եւ Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումը էլեկտրաէներգիայի ամենացածր ակագինն է առաջարկել «Մասրիկ-1» արեւային էլեկտրակայանի կառուցման մրցույթում, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Համեմատության համար նշենք, որ ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
55ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արեւային էլեկտրակայանը կառուցվելու է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ ամբողջությամբ օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Կայանի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչեւ 120 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Ակնկալվող ներդրումների չափը մոտ 50 մլն ԱՄՆ դոլար է:
«Մասրիկ-1» ծրագրին հայտ էր ներկայացրել քսան ընկերություն, որոնցից տասը հաղթահարել են նախաորակավորման շեմը, իրավունք ստացել մասնակցել մրցույթի գլխավոր փուլին եւ ներկայացնել իրենց ձեռնտու սակագինը:




























