Կառավարության այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերում շինարարության ակտիվության եւ գլխավոր հատակագծերի մշակմանը:

«Շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից է հանդիսանում շինարարության թույլտվությունների տրամադրումը: 2017 թվականին, 2016-ի 2404 տրամադրված շինարարական թույլտվությունների համեմատությամբ, մարզերում եւ Երեւանում տրամադրվել է 3407 թույլտվություն՝ 1003-ով ավել:

Չնայած դրական դինամիկային, պետք է արձանագրել, որ համայնքների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի եւ գոտեվորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես, կանխատեսելիության տեսանկյունից»,-հայտարարեց վարչապետը:

Ելնելով դրանից նա Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին եւ մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման, միասնական նորմատիվային մոտեցումներ՝ այդ թվում անդրադառնալով դրանց տեւողությանը եւ պահանջվող փաստաթղթերի հարցերին, միաժամանակ Քաղաքաշինության պետական կոմիտեին  նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների ընդունման եւ խնդիրների արագ արձագանագրման մեխանիզմներ:

«Կարծում եմ՝ նման ինստիտուտ պետք է մարզպետների մոտ էլ լինի, պարոն Լոքյան»,-դիմելով Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ասաց Կարեն Կարապետյանը:

Բացի այդ, վարչապետը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց ապահովել համայնքների ու բնակավայրերի գլխավոր հատակագծերի եւ գոտեվորման աշխատանքների կատարումը, համապատասխան գործընթացում ցուցաբերել մասնագիտական օժանդակություն եւ սահմանել հսկողություն քաղաքաշինական նորմատիվների պահպանման ուղղությամբ:

«Իրականացված աշխատանքների մասին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ»,-ասաց նա: