«Կոնցեռն Ռոսէներգոատոմ» բաժնետիրական ընկերությունը («Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մի մաս) այս տարվա առաջին եռամսյակում պայմանագիր է կնքել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ, որը ուղղված է Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառում նորմատիվային դաշտի բարելավմանը, հինգշաբթի օրը հայտնել է «Ռոսէներգոատոմ»-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սա Ռոսատոմի միջազգային պրակտիկայում արտասահմանյան հաճախորդի հետ երկրում ատոմային էներգետիկայի ոլորտում կարգավորիչ բազայի բարելավման ծառայությունների մատուցման համար առաջին պայմանագիրն է:
Բացի այդ, «Կոնցեռն Ռոսէներգոատոմ» ԲԸ-ն մասնակցել եւ հաղթել է «Բելառուսի ատոմային էլեկտրակայան» Ունիտար հանրապետական ձեռնարկությանը համանման ծառայությունների մատուցման մրցույթում:
2018-2020 թվականներին նմանատիպ պայմանագրեր կկնքվեն «Ռոսատոմ»-ի մի շարք առաջնահերթ գործընկեր երկրների հետ՝ Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի, նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս ծառայությունն ուղղված է ռուսական նախագծերով ատոմային էլեկտրակայաններ կառուցող օտարերկրյա պատվիրատուներին ատոմակայանների՝ դրանց աշխատանքի բոլոր փուլերում անվտանգ շահագործման ապահովմանը, ԱԷԿ-ի կառուցման ժամկետների ու ծախսերի կրճատմանը, ազգային կարգավորիչ մարմիններին համապատասխան լիցենզիաների եւ թույլտվությունների տրամադրման գործընթացի օպտիմալացմանը:




























