Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին պետական այցով կմեկնի Կիպրոս, իսկ արդեն հունվարի 18-ին կմեկնարկի նրա պետական այցը Հունաստան:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կիպրոսի Հանրապետություն այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի Նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ:
Հանրապետության ղեկավարը նաեւ կմասնակցի հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը:
Կիպրոսում Սերժ Սարգսյանը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի վերջին օրը` հունվարի 18-ին, Նախագահը Լառնակա քաղաքում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ կմեկնի Հունաստան:
Հունաստանում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նախագահ Կառլոս Պապուլիասի, Աթենքի եւ Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի, Խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, Վարչապետ Յորղոս Ա. Պապանդրեուի հետ:
Աթենքում երկրի ղեկավարը կհանդիպի նաեւ Սփյուռքում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ավարտելով պետական այցը Հունաստան` ՀՀ նախագահը հունվարի 20-ին կվերադառնա Երեւան:





























