Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որն ավելի վաղ իշխանություններին էր հանձնվել իր կալանավորման օրդերը տալուց հետո, ապրիլի 7-ի երեկոյան բերվել է Սան Պաուլու նահանգի ոստիկանության կենտրոնական գրասենյակ: Համապատասխան կադրերը ցուցադրվել են Globo հեռուստաալիքի ուղիղ եթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տեղեկություններով՝ Սան Պաուլուի ոստիկանական տեղամասում Լուլա դա Սիլվան այս պահին բուժզննում է անցնում, որը երկրի իշխանությունները պարտավոր են ապահովել բոլոր դատապարտյալների համար: Այնուհետեւ նրան ուղղաթիռով կտեղափոխեն Կոնգոնյաս օդանավակայան, որտեղից՝ երկրի հարավում գտնվող Կուրիտիբա քաղաք: Քաղաքական գործիչն այնտեղ կսկսի կրել պատիժը: Լուլա դա Սիլվան կդառնա Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որը քրեական դատավարության հետեւանքով բանտ կուղարկվի:
Սան Պաուլիի իրավապահ մարմինների գրասենյակ ոստիկանական ավտոշարասյան ժամանման պահին այն շրջապատել են տասնյակ լրագրողներ, լուսանկարիչներ, ինչպես նաեւ Լուլա դա Սիլվայի կողմնակիցներն ու հակառակորդները: Նրանցից ոմանք դրոշներ են թափահարել, շամպայն բացել եւ քաղաքական գործչի կալանավորմանն աջակցող կարգախոսներ բղավել:
Հունվարի վերջին չորրորդ շրջանի Դաշնային շրջանային դատարանը հաստատել է Լուլա դա Սիլվայի մեղադրական դատավճիռը՝ նրա համար սահմանված պատժաժամկետը մեծացնելով 9 եւ 6 ամիս ժամկետից մինչեւ 12 տարի եւ 1 ամիս: Բրազիլիայի օրենսդրության համաձայն՝ երկրորդ ատյանի դատարանի կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվող անձը ընտրական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվում է: Սակայն երկրի նախկին ղեկավարը, չնայած բազմաթիվ մեղադրանքներին, մնում է նախագահական ընտրությունների գլխավոր ֆավորիտը, որոնք Բրազիլիայում կանցկացվեն հոկտեմբերին:



























