Գյումրիի փողոցներում վզկապով արջի քոթոթ է շրջում. այս մասին հայտնի դարձավ օրերս, երբ համացանց բեռնվեց քոթոթի լուսանկարը՝ համապատասխան գրառմամբ, հաղորդում է Econews.am-ը։

«Գյումրի քաղաքի կենտրոնում արջի քոթոթին մոտավոր 1 ամսական շատ վատ պայմանում վզից պարանը քցած ման են տալիս գետնին քաշ տալով»,- գրել էր Մամիկոն Վարդերեսյանը: Այս դեպքին կենդանասեր հասարակությունն անմիջապես բուռն արձագանք տվեց: Մենք դեպքի մասնրամասները ճշտեցինք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանից, ով նշեց, որ քոթոթով զբաղվում են: «Երբ լուսանկարը հրապարակվեց եւ մեզ ահազանգ հասավ՝ ո՛չ անուն, ազգանուն կար, ո՛չ հասցե: Շիրակի մարզի մեր տեսուչները պարզել են, թե որտեղ է կենդանին պահվում: Այս պահին կատարվում է փաստաթղթային ուսումնասիրություն: Իրենք խնդրել են, որպեսզի քոթոթը մնա իրենց մոտ մինչեւ տերը, ով այս պահին Հայաստանում չէ, ներկայացնի փաստաթղթերը: Այսինքն, ժամանակ են խնդրել, մինչեւ ներկայացնեն փաստաթղթերը: Հստակ չեմ կարող ասել, որքան ժամանակ կտեւի»:

Տեսուչի այցելության ընթացքում պարզվել է նաեւ, որ խոսքը էգ, կաթնակեր արջի քոթոթի մասին 1: Կենդանուն «տերերը» պահում են հենց իրենց սեփական տան մեջ, մարդկանց շրջապատում: Մեր հարցին, թե թույլատրվո՞ւմ է արդյոք վայրի կենդանուն պահել նման պայմաններում, Պեպանյանը մանրամասնեց. «Օրենքով տրված է, թե մարդը կենդանուն ինչ սահմաններում կարող է պահել, բայց թե որտեղ կպահի՝ իր գործն է: Տանը եթե պահի, ավելի լավ է, «ազատության» մեջ է, կարելի է ասել»:

Նույն խնդրի առնչությամբ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հանրային կապերի պատասխանատու Վահագն Թեւոսյանը նշեց. «Այս քոթոթի պատմությանը սոցցանցերից ենք ծանոթ, երբ հայտնվեցին տարբեր մարդկանց կողմից արված լուսանկարներ։  Անմիջապես ահազանգեցինք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, որի հետ սերտ գործակցում ենք։ Խնդիրն այն է, որ մեր կազմակերպությունը կարող է կազմակերպել արջի փրկության եւ բարեկեցության ամբողջ պրոցեսը, բայց իրավական նորմի խախտումներին առաջինը պետք է արձագանքի պետական մարմինը։ Երկրորդ խնդիրն այն է, որ պետական մարմինները երբեմն շատ դանդաղաշարժ են՝ կաշկանդված լինելով իրավական ակտերով եւ ընթացակարգերով։ Տվյալ դեպքում ես տեղյակ եմ, որ տեսչական մարմինը գործում է։ Բայց թե որքան կտեւի փաստի արձանագրումը որպես ապօրինի կամ օրինական՝ ես չեմ կարող ասել»,- մանրամասնեց նա։ Մեր դիտարկմանը, թե ներկայումս «փափուկ եւ հմայիչ» տեսք ունեցող քոթոթն իրականում վայրի կենդանի է եւ վաղ թե ուշ վտանգավոր է դառնալու մարդկանց համար, որքանո՞վ է այս իրավիճակը նպաստավոր թե՛ կենդանու, թե՛ հասարակության համար, Վահագն Թեւոսյանն ասաց. «Նույնիսկ ամենասիրառատ միջավայրում այս քոթոթին պահելու դեպքում դա հնարավոր է անել մի քանի ամիս, դրանից հետո քոթոթն այնպիսի ուժ ու ծավալներ է ձեռք բերում, որ նրան ընտանիքում պահելը դառնում է վտանգավոր։ Այդ ընթացքում կենդանու մեջ գնալով նվազում են բնազդները, նա կորցնում է բնություն վերադառնալու հնարավորությունը մարդու հետ անցկացրած ամեն վայրկյանի հետ։ Ուստի վերջնարդյունքը ո՞րը պետք է լինի, եւս մեկ արջ մի քանի քառակուսի մետրանոց վանդակում։ Դրա դեմ չենք պայքարում, արդյոք»:

Այստեղ խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն կենդանու բարեկեցության եւ ապագայի տեսանկյունից, այլեւ հանրային անվտանգության: Այս տեսանկյունից հարցը քննարկեցինք նաեւ «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ: «Պարզ չէ, թե ինչո՞վ է զբաղված ոստիկանությունը նման իրավիճակներում, քանի որ դա չի կարող չհամարվել հասարակական կարգի խախտում, ինչը նշանակում է, որ ոստիկանությունն անմիջապես պետք է խառնվի նման իրավիճակներին եւ Բնապահպանության նախարարության միջոցով կարողանա կարգավորել նման խնդիրները: Այս բարձիթողի վիճակը միանշանակ Բնապահպանության նախարարության պատասխանատվության ներքո է, որովհետեւ եթե նախարարությունում չկա մեկը, ով հասկանում է, թե ինչ է նշանակում հանրային, այդ թվում՝ երեխաների առողջապահություն եւ անվտանգություն, պետք է լինի մի վերադաս, որը պետք է նրանց վերջնականորեն եւ մեկնդմիշտ դա բացատրի: Հակառակ դեպքում, նրանք կարող են բոլորով հավաքվել եւ գնալ տուն»,- ասաց նա: Ըստ Նարե Արամյանի, այսպիսի իրավիճակի արմատները դեռեւս տարիներ առաջվանից են գալիս:

«Վայրի կենդանիներին անազատության մեջ պահելու մասնավորի դրդապատճառները պետք է մեկնդմիշտ արգելել, հակառակ դեպքում մենք դեռ կունենանք շատ խնդիրներ. ամենատարրական հիվանդություններից մինչեւ ուղիղ կյանքին սպառնալիք: Այսօր, մենք դա տեսնում են համատարած: Նման վայրի պահվածքը ոչ միայն պախարակում է մեզ, որպես պետության, այլեւ տարրական մարդ կենդանատեսակի բարի համբավը»,- եզրափակեց նա:

Ի վերջո, Վրույր Պեպանյանից նաեւ ճշգրտեցինք, արդյո՞ք ներկայիս օրենսդրությամբ թույլատրվում է վայրի կենդանուն պահել անազատ պայմաններում: «Թույլատրվում է: Կենդանական աշխարհի մասին օրենքում դրույթ կա, որը թույլատրում է: Այդպիսի օրենք դուրս չի եկել, որ մարդն իրավունք չունի կենդանի պահելու, եթե իհարկե բնությունից չի վերցրել, որսացել, գողացել: Դա արդեն ուրիշ հարց է: Այս դեպքում, քանի որ դեռ փաստաթղթերը չկան, հստակ հայտնի չէ, թե կենդանին որտեղից է: Իրենք պնդում են, որ գնել են»,- ասաց նա:

Հիշեցնենք նաեւ, որ ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն այժմ գտնվում է Բնապահպանության նախարարությունում՝ լրամշակման փուլում: Վերջին փոփոխություններով նախատեսվում էր օրենքից հանել ««Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունը»: Ըստ Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված տեղեկության, Նախարարությունը պատրաստվում է լրամշակված նախագիծ վերադարձնել վերոնշյալ դրույթը որոշ փոփոխություններով: