Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մինչեւ վերջ գնալ երկաթուղային ոլորտի բարեփոխումների հարցում, չնայած երկաթուղագործների զանգվածային գործադուլներին, որոնք դժգոհ են կառավարության ծրագրերից: Այս մասին Le Parisien պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը:

Մեկնաբանելով Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) մինչեւ հունիս նախանշած պարբերական գործադուլները՝ Ֆիլիպը նշել է, որ բողոքի այս ակցիաների հետեւանքով առաջին հերթին կտուժեն ուղեւորները: «Ես քաղաքացիներից տեղեկություններ եմ ստանում, որոնք կառավարությանն աջակցում են՝ հայտարարելով, որ այս հարցում նա պետք է մինչեւ վերջ գնա: Մենք հենց դա էլ պատրաստվում ենք անել»,- հայտարարել է երկրի վարչապետը:

Նա նշել է, որ «կառավարությունը մի շարք հարցերի բանավեճերի համար բաց է, սակայն մի քանի թեմաներ քննարկման ենթակա չեն», ինչպես օրինակ՝ երկաթուղագործների հատուկ կարգավիճակը՝ նրանց հասնող արտոնություններով եւ սովարական վարձու աշխատողին հավասարեցումը: «Ես հույս ունեմ, որ մենք վերջիվերջո շփման եզրեր կգտնենք եւ երկխոսություն կհաստատենք»,- ասել է Ֆիլիպը: Վարչապետը նաեւ բարձր է գնահատել տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնի աշխատանքը, որը լարված բանակցություններ է վարում երկաթուղագործների պրոֆմիությունների հետ:

Ֆրանսիայի երկաթուղու աշխատակիցների գործադուլը կրկին ուղեւորների տեղափոխության դժվարություններ է առաջացրել: Ըստ որում՝ ապրիլի 8-ին չեղարկվել են ավելի քիչ թվով գնացքների ուղերթներ, քան գործադուլի նախորդ փուլում: Կիրակի ուղարկվել է յուրաքանչյուր հինգերորդ արագընթաց շարժակազմը: Շրջանային մակարդակով չեղարկվել են գնացքների երկու երրորդի ուղերթները:

Գործադուլն առնչվել է նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հաղորդակցությանը: Ինչպես հայտարարել է «Երկաթուղիների ազգային միություն» (SNCF) պետական ընկերության ներկայացուցիչը, կիրակի մի երկրից մյուսը կուղեւորվի միայն 8 գնացք: