Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործվում է 42 տարի. 2016թ-ին լրացավ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ այն վերազինվելուց հետո կշարունակի շահագործվել մինչեւ 2026 թ-ը, հաղորդում է ԷկոԼուրը»։
«Այս ողջ ժամանակահատվածում ատոմակայանի ռադիոակտիվ ֆոնի վերաբերյալ հայկական պաշտոնական աղբյուրներից հնչում են ստանդարտ հայտարարություններ, որ «ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է»: Շրջակա միջավայրի համար ամենառիսկայինը վերգետնյա եւ ստորգետնյա ջրավազաններն են, որոնց ջրերով աշխատում է ատոմակայանի հովացման համակարգը: Մեր պարագայում ատոմակայանի հովացման ջրի աղբյուրները օգտագործվում են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման նպատակներով»,- ասաց «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանը Թբիլիսիում անցկացված «Էներգետիկ նախագծերը եւ մարդկանց իրավունքների խախտումները Հարավային Կովկասում» խորագրով կոնֆերանսի ժամանակ:
Նա նշեց, որ Հայաստանի հասարակությունը, չունենալով նվազագույն պատկերացում ռադիոակտիվ արտանետումների եւ դրանց հետեւանքների մասին, դուրս է մնացել բնագավառին առնչվող բոլոր գործընթացներից: Բայց հասարակությունը պետք է տեղյակ լինի բնագավառի ռիսկերին:
Անժելա Ստեփանյանը ներկայացրեց 2001 թ-ին Ռուսաստանի էկոլոգիական քաղաքականության կենտրոնի հրապարակած «Էկոլոգիապես մաքուր ատոմային էներգետիկայի միֆը» բրոշյուրի տվյալները, որտեղ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների փորձագիտական խմբերի կողմից համեմատվել են ատոմակայանների հարեւանությամբ ապրող բնակիչների հիվանդությունների վիճակագրությունը ոչ ռիսկային գոտիներում բնակվող բնակչության նույն հիվանդությունների վիճակագրական տվյալների հետ:
«Արդյունքում պարզվել է, որ ատոմակայանից 16 կմ շառավղում բնակվող հասարակության շրջանում ավելացել են բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում` քաղցկեղային հիվանդություններ, գենետիկ ապարատի խանգարում, սաղմնային զարգացման խանգարում, մահացած երեխաների ծնունդներ, բնածին արատների ավելացում, մանկահասակների մահացություն կամ հանկարծամահություն, մտավոր զարգացման խանգարում, իմունային դեպրեսիա եւ իմունային անբավարարություն, սրտանոթային եւ մարսողական հիվանդություններ, ոսպնյակի ախտահարում, ժամանակից շուտ ծերացում եւ կյանքի տեւողության կրճատում եւ այլն»:
Ըստ Անժելա Ստեփանյանի` հասարակությունը պետք է ներգրավված լինի ՀԱԷԿ-ի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում, մասնակցի ռադիոակտիվ անվտանգությանն ուղղված միջոցառումների մշտադիտարկմանը, Հայաստանի կառավարությունը պետք է հստակեցնի ռիսկային գոտու տարածքի սահմանները, կարգավիճակը, ապահովի այդ ազդակիր տարածքի բնակչության հիվանդությունների արտոնյալ բուժական ծառայությունը, բնակիչների համար նվազեցնի էլեկտրաէներգիայի սակագինն առնվազն 50 տոկոսով, գնահատի ատոմակայանի հետագա շահագործման ռիսկերը:




























