Իսրայելի ուժայինները կիրակի գիշերը Հորդանանի Արեւմտյան ափին շուրջկալի ընթացքում կալանավորել են 28 հետախուզվող պաղեստինցու: Այս մասին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է կիրակի տարածած մամուլի հաղորդագրությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իսրայելի բանակի, սահմանապահ ոստիկանության եւ ընդհանուր անվտանգութան ծառայության ստորաբաժանումները կալանավորել են 28 պաղեստինցու, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը, զանգվածային ահաբեկչությանը եւ քաղաքացիական անձանց ու զինվորների նկատմամբ բռնի անկարգություններին մասնակցության մեջ»,- նշված է փաստաթղթում: Զինվորականները հավելել են, որ կալանավորվածներին հարցաքննության են ուղարկել:

2015 թվականի սեպտեմբերից պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը սրվել է: Այդ ժամանակից ի վեր հրազենի եւ սառը զենքի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաեւ ավտոմեքենաների օգտագործմամբ ավելի քան 300 հարձակումների հետեւանքով Իսրայելում եւ Հորդանանի Արեւմտյան ափին սպանվել են 50-ից ավելի իսրայելցիներ եւ մի քանի արտասահմանցիներ:

Իրադրությունը հավելյալ լարվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելուց հետո: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության առանցքային խնդիրներից մեկն է: