Այսօր՝ ապրիլի 8-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը արշավի 9-րդ օրն է: ՔՊ նախագահ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց է միացել Մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Խումբն անցել է Դիլիջանի թունելով։
Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ իրենց երկու կողմնակիցներին՝ Մեսրոպ Պապիկյանին ու Նորայր Հայրապետյանին, որոնք ասֆալտի վրա դաջում էին #իմՔայլը հեշթեգը, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել, եւ երեք ժամից ազատ արձակվել։ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանության դիմաց նույն գործողությունն արել է։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանի, #Իմ Քայլը արշավի կպչուն թղթիկերով փակեց Դիլիջանի թունելից քիչ այն կողմ գտնվող արագաչափ տեսախցիկը։
Փաշինյանը նշեց, որ նախորդ օրը քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանը արագաչափերից մեկի էկրանը ծածկել էր, հաջորդ օրը մեծ թվով ոստիկաններ ներխուժել էին նրանց տուն, շրջափակել էին նրա աշխատանքի վայրը. «Դա խաղաղ անհնազանդության ձեւ է եւ քաղաքացիները ունեն այդ ձեւով իրենց բողոքն արտահայտելու իրավունք։ Ես ի պաշտպանություն Անուշ Լալայանի կանեմ նույն գործողությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրդ օրը ՔՊ անդամներ Մեսրոպ Պապիկյանին ու Նորայր Հայրապետյանին բերման էին ենթարկել։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Վարչական օրենսգրքի 53-րդ հոդվածի (վարչական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի հիմքով։ Ոստիկանության բաժնում կազմվել է համապատասխան վարչական արձանագրություն, և նրանք բաց են թողնվել։



























