Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նատիգ Ալիեւը եւ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օտտինգերը մտադրությունների արձանագրություն են ստորագրել:

Փաստաթուղթը ենթադրում է համատեղ աշխատանքային խմբի ստեղծում՝ «Հարավային գազային միջանցքի» իրականացումն արագացնելու համար, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Տվյալ աշխատանքային խումբը, որը լուծելու է նախագծի իրականացման շրջանակներում առաջացած բոլոր հարցերը, երկու ամիսը մեկ տեղեկատվություն է ներկայացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ադրբեջանը պայմանավորվել է Եվրոպայի երկրներին գազի երկարաժամկետ առաքումների մասին: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հունվարի 13-ին: