Կառավարությունը երեկ հրաժարական տվեց, որը մյուս կառավարություններից տարբերվեց իր գործելաոճով՝ չունենալով որեւէ ձեռքբերում, իր գործունեության առաջին օրերին հերթական անգամ հնչեցրած կենացային խոստումները մնացին սոսկ խոսքեր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով, կառավարությունն իր գլխավոր ձեռքբերումն է համարում 7,5 տոկոս տնտեսական աճը, որը որեւէ ազդեցություն չունեցավ տնտեսության զարգացման եւ հասարակության բարեկեցության վրա. «Որտեղի՞ց կարող էր ունենալ, եթե տնտեսական այդ աճը կարողացել էր ապահովել ճիշտ այնքան հարկերի աճով, որքան ավելացել էր պետական պարտքի սպասարկման գծով բյուջեի  ծախսը: Արդյունքում պետական բյուջեն ունեցավ կես մլրդ դրամի դեֆիցիտ, ինչը ԵՏՄ տարածքում սահմանված ՀՆԱ/դեֆիցիտ հարաբերակցության խախտում է:

Հաջորդ ձեռքբերումն իբր բյուջետային եկամուտների 7 տոկոս աճն է, որը սակայն ապահովվել է հիմնականում փոքր բիզնեսի հաշվին, 20 տոկոս ավելացել է շրջանառության հարկը, իսկ ահա խոշոր բիզնեսի շահութահարկը նվազել է 14 տոկոսով»,-հայտարարեց Թանդիլյանը:

Նա նկատեց, որ տնտեսական աճի վրա ազդել են հանքարդյունաբերության ոլորտում միջազգային գների աճը, որը մեխանիկորեն ավելացրել է տնտեսական աճը, ինչպես նաեւ ավելացել են տրանսֆերտները: «Այսինքն միջազգային գների աճն ու ՌԴ տնտեսության մի փոքր բարելավումը համարվում է մեր կառավարության ձեռքբերումը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության մեջ երեկ ի հայտ եկած խնդիրները կանդրադառնան շուտով Հայաստանի տնտեսության վրա: Այդ դեպքում մեր կառավարությունը չի հապաղի այդ բոլոր մեղքերը բարդել արեւմտյան պատժամիջոցների վրա:

Մոտ մեկ մլրդ ներդրում խոստացող կառավարությունը 2017-ին արձանագրեց 245 մլն դոլարի ներդրում: Ընդ որում, դրանից 225-ը տխրահռչակ Ամուլսարում կատարված ներդրումներն էին, ավելի ճիշտ օֆշորից կատարված փոխանցումները»,-ընդգծեց Մանե Թանդիլյանը: