Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանից բիզնեսի սպասումները դրական են: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը նոր խթան կհաղորդի բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, քանի որ ինքն էլ բիզնեսի մարդ է, ում ձգտումներն ավելի առարկայական են:
«Նոր նախագահը լավատեղյակ է, թե Մեծ Բրիտանիայում որքան դինամիկ են համագործակցում մասնավոր եւ պետական հատվածները: Այդ երկրում գոյություն ունի հետեւյալ ավանդույթը՝ եթե տնտեսության ինչ-որ ճյուղ դժվարություններ ունի, պետությունը գնում է դրա մեջ գործող ընկերությունների արժեթղթերը, կապիտալիզացիա է անցկացնում, ներդրումներ կատարում, մեծացնում արդյունավետությունը, այնուհետեւ արժեթղթերը վաճառում: Մենք նույնպես պետք է դրան գնանք, որ խոշոր ձեռնարկությունների հիմնական միջոցներում պետական մասնակցությունը հասնի ոչ պակաս 50 տոկոսի»,- նշեց Սաֆարյանը:
Նրա կարծիքով՝ երկրի ԱԳ նախարարությունը նաեւ պետք է կատարի տնտեսական կարգավորողի գործառույթ, մասնավորապես արտաքին տնտեսական: «Արտաքին գործերի նախարարությունը պետք է զբաղվի արտաքին առեւտրով, ապրանքներ ներմուծի խոշոր մեծածախ վաճառքի համար, առեւտրային կապիտալ ունենա եւ այն տեղափոխի արդյունաբերության ոլորտ՝ դրանով նպաստելով դրա զարգացմանը»,- պարզաբանեց ՀԿ ղեկավարը:
Ինչպես կարծում է Վազգեն Սաֆարյանը, նոր նախագահը, ծանոթ լինելով Հայաստանի տնտեսական իրողություններին, անկասկած, դիտարկում է բրիտանական փորձի կիրառման հարցը, ինչպես նաեւ այլ երկրների առաջավոր փորձը: «Նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում էին տարբեր երկրներից բիզնես հանրույթի մեծաթիվ ներկայացուցիչներ, Արմեն Սարգսյանը նաեւ հանդիպել է հայ գործարարներին եւ ծրագրում է նոր հանդիպումներ, ինչը շատ բանի մասին է խոսում»,- եզրափակեց Վազգեն Սաֆարյանը:



























