Միացյալ Նահանգները աջակցում է Սաուդյան Արաբիայի իրավունքին եմենցի հուսի խռովարարներից իր տարածքները պաշտպանելու համար, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ հրթիռային հարված են հասցրել Էր Ռիադում պաշտպանության նախարարության շենքին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած Հեզեր Նաուերթի գրավոր հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Էր Ռիադի վրա հուսիների հրթիռային հարձակումը: Մենք աջակցում ենք մեր սաուդցի գործընկերների իրավունքին այդ սպառնալիքներից իրենց սահմանները պաշտպանելու հարցում, որոնք սնվում են զենքի վտանգավոր տարածմամբ եւ տարածաշրջանում իրանական ռեժիմի ապակայունացնող գործունեությամբ»,- նշված է փաստաթղթում:
Նաուերթի խոսքով՝ հուսիների շարունակվող հարձակումները կասկածի տակ են դնում նրանց հավատարմությունը Եմենի խաղաղ, բարգավաճող ու անվտանգ ապագայի ձեւավորմանը նպաստելու գործին: «Մենք նախկինի պես բոլոր կողմերին կոչ ենք անում վերադառնալ ՄԱԿ հովանու ներքո անցկացվող քաղաքական բանակցությունների եւ շարժվել Եմենում պատերազմի դադարեցման ուղղությամբ»,- եզափակել է դիվանագետը:
Հուսիների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը չորեքշաբթի հայտնել էր, որ Եմենից արձակված «Բուրկան-2» բալիստիկ հրթիռները խոցել են Էր Ռիադում իր թիրախները, որոնցից մեկը՝ սաուդյան պաշտպանական գերատեսչությունը:
Սաուդյան Արաբիայի գլխավոած կոալիցիայի հրամանատարությունն, իր հերթին, հայտարարել էր, որ թագավորության ՀՕՊ-ն արձակված հրթիռը խփել է Նաջրանի մոտ եւ կասեցրել հուսիների անօդաչուների հարձակումները:
Խռովարարների կողմից գնդակոծությունները հաճախակիացել են սաուդյան Դահրան քաղաքում Արաբական պետությունների լիգայի ամենամյա գագաթնաժողովի նախապատրաստության ֆոնին: Հինգշաբթի Էր Ռիադում նախատեսված է լիգայի ԱԳ նախարարների նիստ բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստման հարցով, օրակարգում է նաեւ Եմենի ճգնաժամի հարցը:




























