Հայաստանում գերմաներեն սովորողների թիվը գնալով աճում է. ներկայումս հայ դպրոցականների 13 տոկոսը որպես օտար լեզու սովորում է գերմաներեն, հանրապետության 170 դպրոցում այն դասավանդվում է որպես օտար լեզու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ գերմանական պատվիրակության կազմում էին երկրամասի կրթության նախարարության, դպրոցների հարցերով գերատեսչության, Հայաստանի դպրոցների հետ գործընկերային հարցերով աշխատանքային խմբի, քաղաքական կրթության կենտրոնի, Հալլեի «Ռոթեր Օքսե» հուշահամալիրի, ինչպես նաեւ երկրամասի մի շարք դպրոցների վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ եւ աշակերտներ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտում ՀՀ եւ ԳԴՀ-ի համագործակցությունը, որը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա, թեւակոխել է նոր փուլ: «Գերմանիայի հետ համագործակցությունը մենք որպես լավագույն օրինակ ենք վերցնում՝ մյուս գործընկերների հետ աշխատելաոճում: Այս այցելությունը եւս մեկ վկայություն է այն փաստի, որ երկուստեք առկա է միասին աշխատելու մեծ ցանկություն, եւ պատահական չէ, որ համագործակցությունն արդեն ընթանում է անմիջապես կրթական հաստատությունների միջեւ: Շատ կարեւոր է, որ գործընթացում ներգրավված կողմերը պատրաստ լինեն սովորելու եւ փոխանակվելու օգտակար փորձով»,-նշել է Դավիթ Սահակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում գերմաներեն լեզու սովորողների թիվը գնալով աճում է. ներկայումս հայ դպրոցականների 13 տոկոսը որպես օտար լեզու սովորում է գերմաներեն, հանրապետության 170 դպրոցում այն դասավանդվում է որպես օտար լեզու: Նրա խոսքով՝ մեծ առաջնթաց կա նաեւ Գերմանիայում ՀՀ դպրոցների ավարտական վկայականների ճանաչման գործընթացում: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այսպիսով՝ Գերմանիայի բուհերում կավելանա հայ ուսանողների քանակը, որոնք, ըստ Դավիթ Սահակյանի, իրենց գիտելիքները եւ հմտությունները  ծառայեցնելով հայրենիքում՝ միաժամանակ կհանդիսանան երկու երկրներն իրար կապող դեսպաններ:

Գերմանիայի պատվիրակության անդամները եւս կարեւորել են ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների աշակերտների փոխանակման ծրագրերի անհրաժեշտությունը: Նրանք կարեւորել են նաեւ ՀՀ դպրոցներում քաղաքացիական կրթության, ժողովրդավարական արժեքների եւ որոշումների կայացման գործում աշակերտերի ներգրավվածության հարցը:

Հանդիպմանը ներկա աշակերտները Հայաստան կատարած այցի վերաբերյալ իրենց տպավորություններն են կիսել՝ ընդգծելով, որ ամենից շատ նրանք տպավորվել են մեր երկրի մշակույթով եւ ավանդույթներով: Աշակերտները նշել են, որ ՀՀ դպրոցներ այցելության ընթացքում ծնվել են նոր գաղափարներ եւ մեր դպրոցներն ունեն բոլոր հնարավորությունները՝ համատեղ նախագծեր իրականացնելու համար:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր հերթին նշել է, որ կարեւորում է գերմանացի աշակերտների կարծիքը եւ դեսպանությունը կանի հնարավորը՝ վերոնշյալ բոլոր նախագծերի իրականացմանը նպաստելու ուղղությամբ՝ այդ հարցում ակնկալելով նաեւ ԿԳՆ-ի եւ դպրոցների աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր: