ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն խոստովանել է, որ անձամբ դեմ է նույնասեռ ամուսնություններին, սակայն կպաշտպանի հոմոսեքսուալներին եւ հարգանքով կվերաբերվի նրանց, եթե իրեն հաստատեն պետքարտուղարի պաշտոնում, փոխանցում է AP-ն։

Ելույթով հանդես գալով Սենատի լսումների ժամանակ՝ Պոմպեոն հերքել է պնդումները հակամահմեդական տրամադրությունները թաքցնելու մասին։ Չնայած իր՝ ավելի վաղ արված մեկնաբանությանը, որ մահմեդականները հատուկ պարտավորություն ունեն դատապարտել ծայրահեղականությունը, Պոմպեոն նշել է, որ բոլոր կրոնների ներկայացուցիչները  պետք է բռնության դեմ հանդես գան։

Նրա խոսքով՝ ԿՀՎ-ում իր փորձը ցույց է տվել, որ ինքը հարգանքով է վերաբերվում փոքրամասնություններին։ Սակայն, նա ուղիղ չի պատասխանել հարցին,թե արդյոք գեյերի սեռական հարաբերությունները «այլասերվածություն» է համարում։