Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայի վրա հրթիռային հարձակումը հաջող էր եւ հասել է այն բոլոր նպատակակետերին, որոնք ուղղված էին Սիրիայի կառավարությանը միանշանակ ուղերձ հղելու եւ քիմիական զենքի հետագա օգտագործումը կանխարգելելու համար: ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից արձակվված հրթիռներից ոչ մեկը Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից չի ոչնչացվել: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի միավորված շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քենեթ Ֆ. Մաքքենզին:
Նրա խոսքով՝ հարվածները «ճշգրիտ էին, ճնշող եւ արդյունավետ»:
«Մեր ինքնաթիռներից եւ հրթիռներից ոչ մեկը չի կործանվել սիրիական հակաօդային պաշտպանության կողմից», - ասել է նա: Ըստ նրա, գործողության ժամանակ, ամենայն հավանականությամբ, չեն օգտագործվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր: «Մենք վստահ ենք, որ մեր բոլոր հրթիռները հասել են իրենց թիրախներին», - ասել է նա, հավելելով, որ Սիրիայի պաշտպանության գործողությունները «անարդյունավետ» էին՝ ի տարբերություն «ԱՄՆ առաքելության»:
Նա ասել է, որ երեք հիմնական թիրախներով արձակվել է 105 հրթիռ: Առաջին թիրախի ուղղությամբ արձակվել է 76 հրթիռ, երկրորդի՝ 22 եւ 7 ՝ երրորդի դեմ: Մաքքենզին հայտնել է, որ սիրիացիներն ի պատասխան 40 հրթիռ են արձակել, որոնք «կարող էին սպանել սեփական ժողովրդին»: «Սիրիական զենքը որեւէ ազդեցություն չունեցավ»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չկան:
Ըստ նրա, հարձակման թիրախ հանդիսացող օբյեկտներից մեկում «հայտնաբերվել են քիմիական նյութեր»: Մաքքենզին հավաստիացրել է, որ «քիմիական զենքի հետ կապված շատ սարքավորումներ եւ նյութեր» են ոչնչացվել՝ նշելով, որ հրթիռային հարվածը «տարիներով վերացրեց Սիրիայի՝ քիմիական զենք ստեղծելու հնարավորությունները»:
Հարցին՝ արդյոք Պենտագոնը պատրաստ է Ասադի հետ ճակատամարտին, եթե նա պատասխան տա, Մաքքենզին ասել է. «Մենք պատրաստ ենք ամեն ինչին»:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայում արձակված 103 հրթիռներից Սիրիայի ՀՕՊ-ը ոչնչացրել է 71-ը:




























