Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը խոստացել է կիրակի օրը Գազայի հատվածից ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ի՝ դեպի հրեական պետությանը տանող բոլոր թունելները: Ավելի վաղ` կիրակի օրը, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր նման հինգերորդ ստորգետնյա թունելի ոչնչացման մասին:

«Մենք կգտնենք եւ կոչնչացնենք բոլորը: Ահաբեկիչներն այդ թունելի կառուցման համար միլիոնավոր դոլարներ են ներդրել: Սա այն փողերն են, որոնք Գազայի բնակիչների վիճակը բարելավելու փոխարեն պարզապես խորտակվել են ավազների մեջ», - ասել է Լիբերմանը, ում հայտարարությունները տարածվել են Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից: «Գազայի ժողովուրդ, «ՀԱՄԱՍ»-ը ծախսում է ձեր փողերը թունելների կառուցման վրա, որոնք ոչ մի տեղ չեն տանում», - ավելացրել է Իսրայելի նախարարը: