Կահիրեն կոչ է անում Սիրիայում արգելված զենքի հնարավոր օգտագործման միջազգային հետաքննություն սկսել: Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթա Ալ-Սիսին հայտարարել է Դահրան քաղաքում արաբական երկրների գագաթաժողովի ժամանակ:
«Մենք կոչ ենք անում բաց եւ թափանցիկ հետաքննություն սկսել Սիրիայում միջազգային պայմանագրերով արգելված զենքի հնարավոր օգտագործման վերաբերյալ», - ասել է Եգիպտոսի նախագահը: Ալ Սիսին ընդգծել է, որ իր երկիրը չափազանց մտահոգված է Սիրիայում ռազմական իրավիճակի սրմամբ: Այս կապակցությամբ նա նշել է, որ սիրիական հակամարտության լուծման ժամանակ անհրաժեշտ է հիմնվել բացառապես քաղաքական գործընթացի վրա՝ արաբական երկրում խաղաղ կարգավորման հասնելու համար:
Եգիպտոսի նախագահը կոչ է արել վերականգնել հարեւան երկրների հետ հարաբերությունները: Այս առումով նա նշել է, որ արաբական երկրներին միասնական ռազմավարություն է անհրաժեշտ տարածաշրջանի ընդհանուր անվտանգության պահպանման համար:




























