Աբխազական ուղղափառ եկեղեցին հայտարարում է պաշտոնապես վրացական եկեղեցուց իր անջատման մասին։ Այս մասին երեքշաբթի, սեպտեմբերի 15-ին հայտարարել է եկեղեցու քահանայապետ Վիսսարիոն Ապլիվան՝ ելույթ ունենալով աբխազական հեռուստատեսությամբ։
«Այսօր աբխազական եկեղեցին պաշտոնապես առանձնացել է վրացական եկեղեցուց՝ դրանով իսկ վերականգնելով պատմական արդարությունը։ Վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր մասին ու դիմել բարձրագույն ուղղափառ բոլոր ատյաններին, սակայն նրանք բոլորը լռում էին, քանզի չէին ցանկանում փչացնել հարաբերությունները վրացական թեմի հետ»,- հայտարարել է Եկեղեցու առաջնորդը։ Որոշումն, ըստ նրա, համաձայնեցվել է թեմի բոլոր հոգեւորականների հետ, եւ ընդունվել է այն բանի հիման վրա, որ Սուխում-աբխազական թեմն այլեւս չի ենթարկվում վրացական կաթողիկոսությանը, ինչպես դա եղել է 1943 թվականից, երբ «Աբխազիայի տարածքը բռնակցվեց վրացական եկեղեցուն, իսկ այսօր մենք կարող ենք հայտարարել մեր ինքնուրույնության մասին»։
Նա հայտնել է նաեւ, որ Պիցունդայի եւ Սուխումի երկու թեմերով աբխազական տեղի եկեղեցին կվերականգնվի. «Մենք մտադիր ենք նաեւ օգնության համար դիմել Մոսկվայի պատրիարքարանին, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին»։




























