Եվրոպական հանձնաժողովը դեռեւս ոչ մի երաշխիք չի ստացել, որ  ԱՄՆ-ում պողպատի եւ ալյումինի ներմուծման նոր մաքսատուրքերը չեն տարածվի Եվրամիության վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ասել է առեւտրի հարցերով  եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը:

«Մենք ակնկալում ենք, որ մշտական հիմքով եւ առանց որեւէ պայմանների այդ միջոցների ազդեցությանը չենք ենթարկվի...մենք դեռեւս ոչ մի երաշխիք չենք ստացել, բայց բանակցությունները շարունակվում են», — ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկիրը պողպատի ներմուծման համար 25 տոկոսով, իսկ ալյումինի համար 10 տոկոսով մաքսոատուրքեր է սահմանում, որոնք երկար ժամանակ կտեւեն:

Թրամփը նշել է, որ մաքսատուրքերը ներդրվում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն ապահովելու համար:

Եվրամիության եւ մի շարք այլ երկրների համար Սպիտակ տունը այդ մաքսատուրքերի գործողությունը դադարեցրել էր մինչեւ մայիսի 1-ը :

Նախատեսվում է, որ մինչեւ մայիսի մեկը ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն բանակցություններ կվարեն, որից հետո Թրամփը կարող է ԵՄ նկատմամբ մաքսատուրքերի վերաբերյալ լրացուցիչ որոշումներ կայացնել: