Չինաստանը Ռուսաստանի առեւտրային գործընկերների ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցությունն աննախադեպ բարձր մակարդակի է դուրս բերվել եւ Ռուսաստանի ու Չինաստանի միջազգային դիրքերի ամրապնդման եւ տնտեսական զարգացման կարեւոր գործոն է։

Լավրովը մատնանշել է, որ կառավարությունների ղեկավարների մակարդակով փոխգործակցությունից զատ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս նախարարությունների, գերատեսչությունների, խորհրդարանների մակարդակով փոխգործակցությանը։

«Այս տարի ակնկալում ենք շփումների բարձր ինտենսիվությունը պահպանել»,–նշել է Լավրովը»

Բացի այդ նա շեշտել է, որ Մոսկվան ու Պեկինը սատարում են միջազգային իրավունքի խիստ պահպանման միասնական գիծը։