Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը ներկա պահին երկրի տնտեսական կյանքում լուրջ ցնցումներ չի առաջացրել: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Ընդհանրապես քաղաքական ոչ ստանդարտ ցանկացած իրավիճակ,  ցնցում բացասաբար է անդրադառնում տնտեսական կյանքի վրա կարճաժամկետում: Տվյալ պահին դա դրսեւորվում  է բացասական սպասումների ձեւավորման, ներդրողների  մոտ, հատկապես տնային տնտեսությունների, ռեսուրսների, մատակարարների, բոլոր առումներով, երկրի` որպես ներդրումային միջավայրի այսպես ասած գրավչությունը ընկնում է: Կապ չունի այս պարագայում, թե ինչպիսի երկիր է` զարգացած է, զարգացող է, անցումային է եւ այլն: Այս պահի դրությամբ  կարող ենք արձանագրել, որ լուրջ ազդեցություններ, կորուստներ կամ ցնցումներ  տնտեսական առումով չկան, քանի որ տնտեսությունը այս վերջին 1-2 տարվա ընթացքում վերելքի պրոցեսում է, տնտեսական ցուցանիշները տպավորիչ են, այդ դինաամիկան պահպանվում է: Բայց որոշակի ռիսկեր անհանգստություններ կան` հատկապես ֆինանսական շուկաներում, հատկապես Հայաստանի արտարժութային պարտավորությունների շուկաններում»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ, տնտեսագետի խոսքով, ներդրողները զուսպ են եւ վերապահ իրենց երկարաժամկետ ծրագրերի մասով, բայց չի կարելի ասել, որ  այս քաղաքական պրոցեսները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ:

Ատոմ Մարգարյանի  կարծիքով` զբոսաշրջության առումով երկակի ազդեցություն կարող է ունենալ  ստեղծված իրավիճակը. «Խաղաղ երթերի ցույցերի առումով հետաքրքրությունը մի կողմից մեծանում է, որովհետեւ  զբոսաշրջիկների մի տեսակ կո, որ հենց այդպիսի միջավայրերում է  սիրում լինել, իսկ մյուս կողմից այսպես ասած գերզգուշավոր զբոսաշրջիկները վերապահ են մնում, իրենց այցելությունները հետաձգում են: Դեռեւս շատ բացասական գնահատականներ չեն հնչում»:

Տնտեսագետը հավելեց, որ եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից եւ որոշակի ուժային սցենարներ կիրառվեն, դա ծայրահեղ անընդունելի եւ անհասկանալի կլինի տնտեսական խաղորդների համար եւ ընդհանրապես ներքին եւ արտաքին հանրության համար, այդպիսի լուծումն ընդհանրապես անհարիր է ներկա  իրավիճակին: