Փարիզը մտադիր է ավելի ակտիվորեն մասնակցել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդիրների լուծմանը եւ զարգացմանը: Այս մասին հայտնել է այցով Ավստրալիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ավստրալիան եւ Ֆրանսիան պետք է լինեն նոր Հնդկա-Խաղաղօվկիանոսյան առանցքի կենտրոնում, որ տարածաշրջանում ամրապնդեն խաղաղությունն ու կայունությունը»,- հայտարարել է Մակրոնը չորքշաբթի Սիդնեյում տեղի ունեցած Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թյորնբուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Պատասխանելով Օկիանիայում Չինաստանի աճող դերի մասին հարցին՝ նա ասել է. «Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Չինաստանի աճը բոլորի համար լավ նորություն է, սակայն անհրաժեշտ է պահպանել տարածաշրջանում գոյություն ունեցող հավասարակշռությունները, ահա թե ինչու է անչափ կարեւոր Հնդկաստանի եւ Ավստրալիայի հետ մեր գործընկերային հարաբերությունների զարգացումը»:

Ավստրալիայի վարչապետն, իր հերթին, Ֆրանսիան անվանել է «խաղաղօվկիանոսյան տերություն», որի հետ իր երկիրը «տարածաշրջանի ապագա խաղաղ, ազատ զարգացման ու բարգավաճման տեսլական» ունի: