Հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան ռուսաստանցի զինվորականները վեց կառավարվող ավիառումբերով հարվածել են Զապորոժիեին։ «Թշնամին հարձակվել է բնակելի թաղամասի վրա։ Հարվածներից մեկը հասցվել է արտադպրոցական կրթության հաստատության մերձակայքին», — հայտնել է մարզային ռազմական վարչակազմի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը։ Նրա տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել։ Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի ղեկավար Իվան Ֆյոդորովն ավելացրել է, որ գնդակոծության ընթացքում վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքերի ճակատամասերը։

Նախորդ երեկոյան ևս Զապորոժիեն գտնվել է հարձակման տակ։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, 13-ը վիրավորվել է, նրանց թվում՝ երեք երեխա։ Զոհվածը ավտոմեքենայով ընթանում էր, երբ ենթարկվել է անօդաչու սարքի հարվածին։ Բացի այդ, դրոններից մեկը գրոհել է Զապորոժիեի մարզային խորհրդի շենքը և ուղիղ հարվածել Ուկրաինայի զինանշանին։ Առաջացած ծխապատումից ոչ ոք չի տուժել։ Հոկտեմբերի 7-ին ռուսական հարձակման թիրախ էր դարձել Զապորոժիեի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկը։ Քաղաքում ճանապարհների առանձին հատվածներում սահմանափակել էին երթևեկությունը։ Դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին, ռուս զինվորականները հարվածել էին Զապորոժիեում Դնեպր գետի կամուրջներից մեկին և վնասել դրա ճանապարհածածկը։ Տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ Կարմիր խաչի երկու աշխատակից, որոնք ավտոմեքենայով գնում էին ծառայության։