ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ ինքն է շարադրել բժշկական հաշվետվությունը, որում նշված էր, որ նրա մոտ առողջական որեւէ նկատելի խնդիր չի հայտնաբերվել: Այս մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ առաջնորդի նախկին բժիշկ Հարոլդ Բորնսթայնը, որը ստորագրել է այդ փաստաթուղթը:

«Նա տեքստն ամբողջությամբ թելադրել է: Այն ես չեմ գրել»,- ասել է Բորնսթայնը: CNN-ը նշում է, բժիշկը խոստովանել է, որ հաշվետվությունն ամբողջությամբ հորինված է:

2015 թվականի դեկտեմբերին հրապարակված փաստաթղթում նշված է, որ Թրամփի «արյան շրջանառությունը հոյակապ» է եւ «առողջական ոչ մի նկատելի խնդիր չկա»: Նշված էր, որ Թրամփն աչքի է ընկնում «ակնհայտ ուժով եւ դիմացկունությամբ», ծխախոտ կամ ալկոհոլ չի չարաշահել, նրա մոտ երբեք քաղցկեղային հիվանդություններ չեն ախտորոշվել:

Ընդգծվում էր, որ քաղաքական գործչին ավելի լուրջ վիրահատություններ, քան 10 տարեկանում կույր աղիքի հեռացման վիրահատությունը, չի կատարվել, եւ որ ընտրություններում հաղթելու դեպքում նա կդառնա «այս պաշտոնը երեբեւէ զբաղեցրած ամենաառողջ մարդը»:

Երեքշաբթի NBC-ի հետ հարցազրույցում Բորնսթայնը հայտնել էր, որ 2017 թվականի փետրվարին իր գրասենյակ է եկել Թրամփի օգնական ու թիկնապահ Քեյթ Շիլլերը՝ մեկ այլ տղամարդու ուղեկցությամբ: Նրանք Բորնսթայնից վերցրել են Թրամփի առողջությանը վերաբերող բոլոր գրառումները: Բժշկի խոսքով՝ այսօրվա դրությամբ ԱՄՆ նախագահն իր հետ բոլոր հարաբերությունները խզել է: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բորնսթայնը լրագրողներին հայտնել է, որ Թրամփին մազերի աճը խթանող, մաշկի կարմրության դեմ դեղամիջոցներ է գրել, ինչպես նաեւ դեղեր, որ նշանակում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում: