Էստոնիայի տարածքում մայիսի 2-ից մեկնարկել են Siil միջազգային զորավարժությունները՝ 15 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Զորավարժությունները տեւելու են մինչեւ մայիսի 14-ը։
Դրանք խոշորագույն զորավարժություններն են լինելու երկրի անկախության վերականգնումից հետո։ Դրանց մասնակցելու է 15 պետությունների՝ այդ թվում Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Վրաստանի, Դանիայի, Իրլանդիայի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի ու Շվեդիայի զինծառայողները։ Զինծառայողներից բացի՝ զորավարժություններին մասնակցելու են նաեւ ժողովրդական աշխարհազորի մարտիկները, ոստիկաններ ու փրկարարներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զորավարժությունները երեք փուլից են բաղկացած լինելու։ Մայիսի 2-4-ը բոլոր ստորաբաժանուները մարտական պատրաստվածության վիճակի կբերվեն, մայիսի 4-7-ը դրանք կսկսեն համատեղ գործողություններ մշակել, իսկ մայիսի 8-12-ը ուսումնական մարտերը կսկսվեն։
«Զորավարժությունների գլխավոր խնդիրն է տարածքային պաշտպանության մշակումը թե ռազմական գործողությունների կոնվենցիոնալ պայմաններում, թե հիբրիդային պատերազմի պայմաններում»,- ասվում է Էստոնիայի Պաշտպանության ուժերի հաղորդագրության մեջ։
Ըստ զորավարժությունների պլանի՝ Էստոնիան պաշտպանվելու է թշնամական պետությունից ու դրա երեք դաշնակիցներից։ Ընդ որում Ժողովրդական աշխարհազորի հրամանատար, գեներալ – մայոր Մեելիս Կիյլյայի խոսքով՝ պայմանական հակառակորդները Ռուսաստանի ու Բելառուսի տարածքում են գտնվում։




























