Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը երկրի գործող նախագահ Թայիփ Էրդողանին միաձայն թեկնածու է առաջադրել նախագահական ընտրություններում: Dogan գործակալությունը հայտնում է, որ համապատասխան որոշումը քվեարկության արդյունքում ընդունել է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:
Էրդողանի առաջադրման օգտին քվեարկել է 316 պատգամավոր, այսինքն՝ խորհրդարանում մանդատ ունեցող կուսակցության բոլոր անդամները:
Ինչպես ավելի վաղ Մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել էր երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հինգշաբթի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը իր հետ դաշինք կազմած Ազգայնական շարժում կուսակցության հետ կավարտի թեկնածուների ցուցակի վրա աշխատանքը եւ այն պաշտոնապես կհանձնի ԿԸՀ հաստատմանը:
Թուրքիայում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 24-ին: Դրանից հետո երկրում պաշտոնապես ուժի մեջ կմտնեն կառավարման նախագահական համակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունները:




























