Ադրբեջանական հասարակայնության մի մասը որոշակի հույսեր է փայփայում այն կապակցությամբ, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ կլինեն զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, բայց այդ ակնկալիքները չեն արդարանա։ Այս մասին մայիսի 3-ին Մոսկվայից տեսակապի ժամանակ հայտնեց քաղաքագետ, ԱՄՆ Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրված գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա կարծիքով՝ Բաքուն կարող է դիմել էսկալացիայի Ղարաբաղում, եթե Հայաստանում ապակայունացումը նոր մակարդակ դուրս գա։ «Ադրբեջանական բլոգոսֆերայում շատ արտահայտություններ կան այն մասին, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ կլինեն որեւէ փոխզիջումների, զիջումների։ Բայց չեմ կարծում, թե նոր իշխանությունների դիրքորոշումը սաստիկ կտարբերվի նախորդ իշխանությունների դիրքորոշումից»,- ասաց Մարկեդոնովը։
Քաղաքագետը նշեց, որ հայկական հասարակությունում այս հարցով կա որոշակի փոխհամաձայնություն, ու նոր իշխանությունները դժվար թե իր գործունեությունը սկսի Ղարաբաղի հարցով որեւէ զիջումներից, քանի որ բողոքի շարժման կողմից քննադատվող կետերից մեկը հայկական կողմի որոշակի, թեկուզեւ փոքր տարածքի կորուստին էր վերաբերում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա Բաքուն, փորձագետի կարծիքով, իրեն շատ զգուշավոր է պահում, քանի որ մի շարք պատճառներով չի կարող իրեն թույլ տալ նոր էսկալացիա։ «Նախ, Ղարաբաղը չի դիտարկվում որպես տարածաշրջան պրոքսի-պատերազմի համար։ Դա եզակի կետ է, որտեղ Արեւմուտքն ու Ռուսաստանն ընդհանուր մոտեցումներ ունեն։ Մյուս կողմից էլ, եթե Հայաստանում իրավիճակը դուրս գար լարվածության այլ մակարդակ, ու գործը հասներ բախումների, ապա Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, շփման գծում կդիմե՛ր կոշտ գործողությունների»,- ասաց ԱՄՆ Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրված գիտաշխատողը։
Իսկ Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը, քաղաքագետի կարծիքով, վկայում է այն մասին, որ Բաքուն, ամենայն հավանականությամբ, չի դիմի այդ քայլին։ «Ներկա իրավիճակում Բաքուն զգուշավոր է արձագանքում։ Բացի դրանից, առջեւում խոշոր միջոցառումներ են՝ հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ։ Ադրբեջանը բարձրաստիճան հյուրեր է ընդունելու Արեւմուտքից ու Ռուսաստանից։ Այդ միջոցառումներին ընդառաջ՝ Բաքուն հավանաբար չի ցանկանա բացասական տեղեկատվական ֆոն ստեղծել իր համար»,- պարզաբանեց Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ընդհանուր առմամբ՝ ապա այսօր, քաղաքագետի կարծիքով, կողմերը չունեն այնպիսի կոմպրոմիսային կերպարներ, որոնք որեւէ փոխանակում կառաջարկեին։ Նույնիսկ հակառակը՝ նրանք մաքսիմալիստական նշաձողեր են սահմանում։ Բացի դրանից, արտաքին դերակատարները, Մարկեդոնովի գնահատականով, նույնպես այլ խնդիրներով են զբաղված։ Մասնավորապես՝ Ռուսաստանի ու Արեւմուտքի առաջնահերթությունն այս պահին ոչ թե Ղարաբաղն է, այլ Սիրիան ու Դոնբասը։




























