Եվրամիությունը Հարավային Կովկասում ղեկավարվում է real politics-ի տրամաբանությամբ. Կարելի է, իհարկե, պնդել, որ Եվրամիության ներսում օգտագործվում են մարդասիրական սկզբունքները, սակայն մեր տարածաշրջանում Եվրոպայի համար առաջնային է էներգետիկ շահը։ Հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս Նարեկ Գալստյանը՝ մեկնաբանելով Nabucco-ի համար գազի երկարաժամկետ մատակարարման մասին Ադրբեջանի եւ Եվրահանձնաժողովի պայմանավորվածությունը։
Գալստյանի կարծիքով, չնայած որոշ փորձագետների կարծիքի, Nabucco-ն այլընտրանք կամ մրցակից չի դառնա ռուսական «Հարավային հոսքին», քանի որ իրենց նշանակությամբ եւ ծավալներով դրանք ԵՄ համար համարժեք չեն։
«ԵՄ-ում այս նախագծերի առումով տարաձայնություններ կան, Գերմանիան եւ Ֆրանսիան գերապատվությունը տալիս են ռուսական գազին, իսկ հարավային եւ կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներ՝ Nabucco-ին»,- ասաց նա։
Քաղաքագետը չբացառեց, որ Nabucco գազամուղի շահագործումը կազդի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա, սակայն դա պատճառ չի հանդիսանա, որ Ադրբեջանը պատրազմ սկսի։
«Իրատեսական չէ, որ ԵՄ-ն ներդրումներ անի եւ միաժամանակ տարածաշրանում պատերազմ թույլ տա»,- ասաց Նարեկ Գալստյանը:




























