Զանգվածային ոչնչացման զենքի մշակման եւ «Ալ-Քաիդա»-ի հետ կապերի համար Իրաք ներխուժումից 15 տարի անց, ինչը հետագայում պարզվել էր, որ տեղի չի ունեցել, ԱՄՆ-ն միջուկային զենքի ստեղծման եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին ենթադրությունների հիման վրա կրկին հնարավոր առճակատման է գնում մերձարեւելյան երկրի հետ, գրում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ կապված քաղաքականությունը ծանոթ է ամերիկացի ներկայիս եւ նախկին պաշտոնյաներին, որոնք 2003 թվականի մարտին ականատես են եղել Իրաք ներխուժմանը նախորդած շրջանին: Այդ ժամանակ ավելի քան 4500 ամերիկացի զինվոր եւ հարյուր հազարավոր իրաքցի զոհվեց: Մի շարք փորձագետներ այս հակամարտությունն ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր պարտություններից մեկն անվանեցին արդի պատմության մեջ:
«Մտահոգիչ եւ սարսափելի նմանություններ» կան հետախուզական տվյալների չարաշահման մեջ այժմ եւ այն ժամանակ, կարծում է Փոլ Փիլարը, ով 2001-2005 թվականներին ԱՄՆ-ի՝ Միջին Արեւելքում հետախուզության լավագույն վերլուծաբանն էր: Նրա խոսքով՝ հետախուզական տվյալների խիստ միտումնավոր օգտագործման գլխավոր ուղղությունը «մենք գիտենք, թե ինչպիսի հետեւություններ են լինելու» կարգախոսն է: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս իրանական միջուկային համաձայնագրից՝ նշելով, որ դա չի վերաբերում իրանական բալիստիկ հրթիռային ծրագրին, իր միջուկային գործունեությանը 2025 թվականից հետո եւ դերին Եմենի եւ Սիրիայի հակամարտություններում: Ընդ որում, նա չի հիշատակել Միացյալ Նահանգների եւ ՄԱԳԱՏԷ-ի հետախուզական համայնքի գնահատականները, որոնք պնդում են, որ Իրանը կատարում է պայմանագրով սահմանված իր պարտավորությունները: Փոխարենը նա հղում է կատարել Իրանի վերաբերյալ իսրայելական «դոսյեին»՝ նշելով, որ այն վկայում է, որ Իրանի ղեկավարությունն այս ամբողջ ընթացքում ստել է: Թեեւ իսրայելական դոսյեի իսկությունը չի վիճարկվել արեւմտյան կառավարությունների եւ հետախուզական փորձագետների կողմից, քննադատները կարծում են, որ այն քիչ բան է ավելացրել նախորդ գնահատականներին այն մասին, որ Իրանը դադարեցրել է միջուկային զենք մշակմանն ուղղված իր ջանքերը 2003 թվականին: Իրանն Իսրայելի հայտարարությունները «երեխայական եւ զվարճալի» է անվանել:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո նախագահ Ջորջ Բուշը եւ նրա վարչակազմը փորձ արեցին ներխուժել Իրաք՝ հղում կատարելով տեղեկությանն այն մասին, որ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը կապեր է ունեցել «Ալ Քաիդա»-ի հետ եւ գաղտնի կերպով միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենք է մշակել:
Պարզվեց, որ երկու պնդումներն էլ սուտ էին: Բուշը եւ նրա օգնականները ուռճացրել էին հետախուզական տվյալները՝ հիմնվելով իրաքյալ միգրատների կասկածելի պահանջների վրա եւ անտեսելով հակասական տեղեկատվությունը: ԱՄՆ պաշտոնյաները, ինչպես նաեւ վաշինգտոնյան եւ մերձարեւելյան վերլուծաբանները զգուշացրել էին, որ Բուշի՝ Իրաքի հետ կապված քաղաքականության եւ Թրամփի՝ Իրանի հետ կապված քաղաքականության միջեւ էական տարբերություններ կան: Թեպետ Թրամփի որոշումը մեծացրել է տարածաշրջանային լարվածությունը եւ ընդլայնել էր Եվրոպայում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների միջեւ առկա խզումը, ոչ ոք ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժում չի կանխատեսում: «Հարցն այն է՝ արդյոք մենք բախվում ենք Իրաքում տեղի ունեցած նույն սցենարին եւ արդյոք դա պատերազմի կհանգեցնի»,- նշում է լիբանանյան վերլուծաբան Ֆեյսալ Աբդուլ Սաթերը: Նրա կարծիքով, անգամ չնայած մի կողմից Պարսից ծոցի եւ Իսրայելի միջեւ, մյուս կողմից՝ Իրանի հետ թշնամանքի սրմանը, Իրանի վրա ուղղակի հարձակումը քիչ հավանական է, քանի որ դա կհանգեցնի համակողմանի պատերազմի անհրաժեշտությանը, ինչը կողմերից եւ ոչ մեկը տանել չի կարող:
Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի փորձագետ Մարկ Դուբովիցի կարծիքով՝ Իրաքում սկսված պատերազմը մասամբ կապված էր այն տեսակետի հետ, որ 1990 թվականին Քուվեյթ ներխուժումից հետո Սադամի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներն արագորեն կորցրեցին իրենց արդյունավետությունը: «Կարծում եմ, որ այժմ ամեն ինչ հակառակն է»,- ասել է Դուբովիցը՝ նշելով, որ Թրամփը, կարծես, կողմ է Իրանի վրա ավելի խիստ տնտեսական ճնշմանը, սակայն՝ ոչ ռազմական գործողություններին:
Իրանի քաղաքականությանը ծանոթ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանում Թրամփի վերջնական նպատակը նման է Բուշի վարչակազմի նպատակներին Իրաքում՝ փոխարինել հակաամերիկյան կառավարությունն ավելի բարեկամականով: Սակայն եթե Բուշի վարչակազմի համոզմունքն այն մասին, որ երախտապարտ իրաքցիները ողջունում են ԱՄՆ-ի զորքերի ներխուժումը, տարօրինակ էր, «առնվազն միամիտ է» կարծել, որ «ժողովրդավարությունը կարմատավորվի Իրանում, եթե Իսլամական Հանրապետությունը փլուզվի, նշել է պաշտոնյաներից մեկը:
Ո՛չ Թրամփը, ո՛չ էլ նրա՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերջին օրերին հրապարակավ կոչ չեն արել տապալել իրանական թագավորությունը: Երկու ներկայիս եւ մեկ նախկին ԱՄՆ պաշտոնյաները ասել են, որ հետախուզական գործակալությունները ճնշման չեն ենթարկվում Սպիտակ տան քաղաքականությանը սատարելու ապացույցներ տրամադրելու համար, դրանք պարզապես անտեսվում են:
ԿՀՎ-ի եւ ազգային անվտանգության գործակալության նախկին տնօրեն, պաշտոնաթող գեներալ Մայքլ Հեյդենը «ուշագրավ» էր անվանել այն փաստը, որ Թրամփը, հայտարարելով իրանական գործարքից դուրս գալու մասին, չի հիշատակել ԱՄՆ հետախուզության գնահատականները:
Թրամփի՝ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը, այս տարվա փետրվարին ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտարարել էր, որ իրանական միջուկային համաձայնագիրը երկարացնում է միջուկային զենք արտադրելու համար Իրանին անհրաժեշտ ժամանակը եւ բարձրացնում է Իրանի միջուկային գործունեության թափանցիկությունը: «Բանը նրանում չէ, որ նրանք հակված են արդարանալ», - ասել էր Հեյդենը՝ հավելելով, որ Թրամփին արդարացումներ հարկավոր չեն:





























