Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 2:00-ի սահմաններում ոստիկանության «Պահպանություն» միավորման Կենտրոնականի բաժնին կից ոստիկանները Տիգրան Մեծ պողոտայի վրա, «Սիլ» հյուրանոցի մոտ կասկածանքով կանգնեցնում են «Մերսեդես C 280» մակնիշի 22 ՍՍ 310 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան դիմում է փախուստի: Ոստիկանության պահպանության աշխատակիցները հետապնդում են «Մերսեդեսը», եւ «Սթարի» դիմաց աքցանի մեջ առնում: Վարորդը դուրս է գալիս մեքենայից, իր մոտ եղած, դեռեւս անհայտ մակնիշի ատրճանակից կրակոց արձակում եւ դիմում փախուստի:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի, օպերգծով տեղակալ Միհրան Քեշիշյանի, եւ ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Բաժնի ոստիկաններն ամբողջ գիշեր ավտոմատներով զինված հսկում էին տարածքը:

Դեպքի վայրում փորձաքրեագիտական աշխատանքներ էին կատարում ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձաքրեագետները:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 316 հոդվածի (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հատկանիշներով:

Դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո առավոտյան Էրեբունու քնչական բաժնի քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց էրեբունու բաժնի տուգանային հրապարակ:

Ականատեսները Գագիկ Շամշյանին պատմել են, որ ոստիկանությունը նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է մեկ անձի վարորդական վկայական եւ եւ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր: Նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում փաստաթղթերի տիրոջ տվյալները:

Ոստիկանության Էրեբունու բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-քննչական աշխատանքներ` փախուստի դիմաց վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշված «Մերսեդեսի» վարորդին ոստիկանները կասկածում են երեկ Աբովյան-Իսրահակյան փողոցների հատման խաչմերուկում փոխանակման կետի վրա կատարված հարձակման մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի