Հայաստանի Վճռաբեկ դատարանի հինգ դատավորները՝ դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ՝ սեպտեմբերի 16-ին կայացրած վճռով ամրագրեցին Վերաքննիչ քրեական դատարանի՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ կայացրած վճռի ապօրինությունը:

Դատարանը ընդունեց մեղադրողի բողոքը, որ Վերաքննիչ դատարանը հուլիսի 15-ին ապօրինի որոշում է կայացրել Շամշյանի նկատմամբ՝ նրան հանդեպ համաներում կիրառելով:

Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանի դեմ քր.գործ էր հարուցվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Ըստ մեղադրանքի՝ Շամշյանն իբր 2008թ. օգոստոսի 5-ին՝ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ վիրավորական արտահայտություններ է արել դատավոր Գագիկ Ավետիսյանի հասցեին: Կենտրոն ու Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը Շամշյանին տուգանել էր 350 հազար դրամ, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ անփոփոխ էր փողել վճիռը: Սակայն օրեր անց Շամշյանին կրկին կանչում են Վերաքննիչ դատարան եւ նրան ազատում պատժից: Ընդ որում, Շամշյանը հանգամանալից կերպով դատավորներին բացատրել էր, որ հրաժարվում է համաներումից, ավելին իր նկատմամբ օրենքով չի կարելի համաներում կիրառել, քանի որ ԱԺ հունիսի 19-ի «Համաներման մասին» որոշման մեջ հստակ գրված է, որ համաներում չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ում նկատմամբ արդեն կիրառվել է վերջին 10 տարվա ընթացքում: Շամշյանի նկատմամբ դեռ 2007թ. քր.գործ էր հարուցվել եւ նրան այն ժամանակ համաներել էին: Ավելին, ըստ Շամշյանի՝ իրեն պետք է չէ ապօրինի լավությունը:

«Շուխուռ մի արա, մենք քեզ լավություն ենք անում»,- ասել էին դատավորները եւ խախտել օրենքը: Շամշյանը բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին, եւ դատախազությունը ստիպված էր բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան: Ինչեւէ առայժմ, սակայն, դեռ պարզ չէ, թե ինչ պատասխանատվության կենթարկվեն վերաքննիչ քրեական դատարանի օրինախախտ դատավորները:

Շամշյանի պաշտպան Հովիկ Արսենյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանն այս դեպքում ստիպված է եղել գործել օրենքով:

Նշենք նաեւ, որ Վճռաբեկը քննության չի ընդունել Գագիկ Շամշյանի եւ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը՝ իրեն արդարացնելու պահանջով, եւ լրագրողը NEWS.am-ին հայտնեց, որ պատրաստվում է դիմել Եվրադատարան: «Հայաստանում արդարադատություն չկա: Բոլոր դատավորները քնած են մեծ ուխտի փոքր ականջում»,- նշեց լրագրողը: