Սահմանդրությունն է որոշում՝ երբ արտահերթ ընտրություններ լինեն, երբ չլինեն: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, որ անկախ ՀՀԿ-ի կամքից արտահերթ ընտրություններ լինելու են:
«Անկախ Ավինյանի եւ իր ընկերների կամքից օրենսդիր մարմինը պետք է շարունակի իր գործունեությունը օրենքով սահմնաված կարգով: Սահմանդրությունն է որոշում՝ երբ արտահերթ ընտրություններ լինեն, երբ չլինեն: Արտահերթ ընտրությունների հարց այսօր շտապ դրված չկա նույնիսկ Կառավարության օրակարգում, եթե շտապ լիներ Կառավարությունը պետք է ներկայացներ, որը ես չեմ տեսել: Թե հետո ինչ կլինի, ոնց կլինի, որեւէ մեկը չի կարող ասել, բայց որեւէ մեկը չի կարող նման բան անել անկախ ՀՀԿ-ի կամքից: ՀՀԿ-ն քաղաքական միավորում էъ անկախ Ավինյանի եւ իր ղեկավարի կամքից»,- ասաց նա:
Շարմազանովի կարծիքով՝ ԱԺ-ն ընտրվել է օրինական, լեգալ եւ լեգիտիմ ընտրությունների միջոցով եւ ԱԺ-ն չի պատրաստվում լինել Կառավարության կցորդը:
«ԱԺ-ը կառավարության գործընկերն է, մենք արհեստական չենք խոչընդոտելու Կառավարության գործունեությանը, բայց ես հեռու եմ այն մտքից որ ՀՀ-ում այլակարծությունն ու բազմակարծությունը չպետք է տեղ ունենա: Ոնց Սահմանադրությունը կթելադրի, այդպես էլ կվարվենք, իսկ ցանկացած քաղաքական պրոցեսում մենք մեր կարծիքը պնդելու ենք: Անկախ ՀՀԿ-ի կամքից նույնիսկ Փաշինյանը վարչապետ չէր կարող ընտրվել, եթե չգիտի, ասեմ, ՀՀԿ-ն է հնարավորություն տվել, որ էսօր վարչապետ ունենք, եթե մոռացել է մայիսի 1-ի քվեարկությունը, կարող է հիշել, նույնը մայիսի 8-ը: ՀՀԿ-ն է իրականացրել քաղաքական որոշում եւ այդ որոշումը հիմնված է եղել ազգի ու պետության շահի վրա, որպեսզի մեր հասարակության մեջ չլինի անկայունություն, մենք դա արել ենք ոչ թե մեր կուսակցական շահերից ելնելով, այլ արել ենք մեր կուսակցության շահերից ելնելով»,- հավելեց նա:
Նշենք, որ երեկ Լոռիում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ այդ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից:




























