2011-2014 թվականներին Թաիլանդի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Յինգլակ Չինավաթը, որը հեռակա 5 տարվա բանտարկության է դատապարտվել, Մեծ Բրիտանիայում 10-ամյա վիզա է ստացել: Այս մասին հայտնել է BBC-ի թաիլանդյան ծառայությունը՝ վկայակոչելով տեղեկատվական աղբյուրներին:

Տեղեկությունների համաձայն՝ Չինավաթը կարող է «Մեծ Բրիտանիա ազատ այցելել եւ այնտեղից հեռանալ, սակայն թագավորության տարածքում յուրաքանչյուր այցը 6 ամսից չպետք է անցնի»:

Թաիլանդի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուսադի Սանտիպիտակսը լրագրողներին հայտնել է, որ պաշտոնական Լոնդոնը Բանգոկին այս որոշման մասին չի հայտնել: «Մենք այդ մասին տեղեկացել ենք նորություններից, այս հարցով սեփական տեղեկություններ չունենք»,- ասել է Սանտիպիտակսը:

Նա հիշեցրել է, որ Թաիլանդի իշխանություններն ավելի վաղ անվավեր են ճանաչել Չինավաթի անունով տրված բոլոր անձնագրերը:

Թաիլանդի Գերագույն դատարանը 2017-ի սեպտեմբերի 27-ին Չինավաթին հեռակա մեղավոր էր ճանաչել բրինձի գրավով գնման պետական ծրագրի իրականացման ժամանակ անփութության մեջ եւ նրան 5 տարվա ազատազրկման դատապարտել: «Բրինձի գործով» Չինավաթի դեմ որոշումը պետք է կայացվեր դեռեւս օգոստոսի 25-ին, սակայն դրանից մեկ օր առաջ քաղաքական գործիչը գաղտնի երկրից հեռացել էր՝ ավտոմեքենայով մեկնելով Կամբոջա, այնուհետեւ՝ ԱՄԷ, որտեղ բնակվում է նրա ավագ եղբայր Թաքսին Չինավաթը (Թաիլանդի վարչապետը 2001-ից 2006 թվականներին):

Ավելի ուշ Թաիլանդի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Յինգլակ Չինավաթը Լոնդոնում է, իսկ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան հայցելու նախկին վարչապետի մտադրության մասին: