Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում չեն բացառում, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսը կհանդիպի նրան եւ կբարձրացնի վիրահայոց թեմի կարգավիճակի հարցը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Սակայն դեռ ոչինչ հստակ չէ։ Ինչպես գիտեք, Վեհափառը բացակայում է Մայր Աթոռից։ Այսօր, թերեւս, որոշումն ավելի ստույգ դառնա»,- փոխանցեցին այնտեղից։
Վիրահայոց թեմի առաջնորդ, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն էլ մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այս անգամ կայանալիք երկկողմ հանդիպումները թեմի կարգավիճակի լուծման հարցում դրական առաջընթաց կգրանցեն։ «Այդ հույսը միշտ էլ կա։ Բանակցությունները եւ միջպետական հանդիպումները հարցի լուծման հույսեր են ներշնչում»,-ասաց նա։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի հունվարի 22-ին։




























