Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է եվրոպական շուկայում գազի մատակարարման դիվերսիֆիկացիան, քանի որ դա աշխատանքի համար շուկայական պայմաններ է ստեղծում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով Ադրբեջանի կողմից «Հարավային գազային միջանցքի» մեկնարկի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանից «Հարավային միջանցքին», մենք ողջունում ենք այս ոլորտում ցանկացած տնտեսական ակտիվությունը, մենք ողջունում ենք եվրոպական շուկայում էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացիան, քանի որ դա ստեղծում է շուկայական պայմաններ աշխատանքի համար, իսկ մենք շահագրգռված ենք շուկայական պայմաններ ստեղծելու համար», - Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ բանակցություններից հետո` ասուլիսի ժամանակ, ասել է Պուտինը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելու խնդրանքին:
Հիշեցնենք, որ «Հարավային գազային միջանցքը» «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազամուղի ընդլայնումն է, որի միջոցով Ադրբեջանից Վրաստան եւ Թուրքիա գազ է առաքվում: Նախագծի նպատակն է Եվրոպա վառելիքի մատակարարման անվտանգությունն ապահովել, եվրոպական գազի շուկայում նվազեցնել Ռուսաստանի բաժնեմասը եւ Ուկրաինայի միջոցով գազի տարանցմանն այլընտրանք ստեղծել:




























