Մասիսի ձերբակալված քաղաքապետի եւ փոխքաղաքապետի աջակիցները քիչ առաջ բացել են Երեւան-Արտաշատ մայրուղին, որը փակել էին՝ ի նշան բողոքի։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ բողոքողները երկու ժամ փակ են պահել մայրուղին՝ հայտարարելով, թե Դավիթ Համբարձումյանին ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին ապօրինի եւ առանց հիմքերի են ձերբակալել։ Քիչ առաջ ցուցարարները հեռացել են։ Այս պահին մայրուղու վրա խցանում է, ոստիկանները աշխատում են խցանումը վերացնելու ուղղությամբ։

Նշենք, որ Մասիսի քաղաքապետի կողմնակիցները բողոքի ակցիա են արել նաեւ Երեւանի ձերբակալվածների պահման վայրի մոտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը:

Նրանց ձերբակալել են ապրիլի 22-ին Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու եւ բռնություն գործադրելու գործով։